Կացության Հատուկ Կարգավիճակ
"Հայաստանի Հանրապետության Օրենքը Օտարերկրացիների մասին" ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 25-ին: Այն հնարավորություն է տալիս ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիներին ստանալ Հայաստանի Հանրապետության Կացության Հատուկ Կարգավիճակ (ԿՀԿ):
ԿՀԿ տրվում է տաս տարի ժամկետով և կարող է տրվել մեկից ավելի անգամ:
Այն անձանց, ում շնորհվում է ԿՀԿ, տրվում է հատուկ տեսակի անձնագիր, որը հնարավորություն է տալիս առանց մուտքի արտոնագրի ճամփորդել Հայաստան և Հայաստանում օգտվել ՀՀ քաղաքացիների համար նախատեսված օրենքի ողջ պաշտպանությունից, իրավունքներից ինչպես նաև օրենքով սահմանված պարտականություններից: Բացառություն են կազմում ընտրելու և ընտրվելու իրավունքները: ԿՀԿ ունեցողների վրա չի տարածվում նաև ՀՀ քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայությունը:
ԿՀԿ անձնագիրը հնարավորություն չի տալիս առանց մուտքի արտոնագիր այցելել ԱՊՀ անդամ այլ երկրներ: ԱՊՀ այլ երկրներ մուտք գործելու համար պետք է օգտագործել ազգային անձնագիրը:
Հայոց Ցեղասպանությունը վերապրածների համար ԿՀԿ անձնագիրը տրամադրվում է անվճար:
Ինչպես դիմել:
ԿՀԿ համար դիմողները ՀՀ դեսպանություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Սահմանված ձևի դիմում,
2. Նամակ ՀՀ դեսպանի անունով, որտեղ ԿՀԿ համար դիմողը պետք է մասնավորապես հայտնի հետևյալը տեղեկատվությունը.
. Ներկա քաղաքացիության վերաբերյալ, . Նախկին քաղաքացիություն(ներ)ի վերաբերյալ` առկայության դեպքում, ինչպես նաև դրանցից զրկվելու պատճառները, . Ծննդավայրի և ծնվելու պահին ստացած քաղաքացիության վերաբերյալ, . ՀՀ ԿՀԿ համար դիմելու պատճառները` տնտեսական կամ մշակութային գործունեություն, բարեգործություն, . Դիմելու պահին դիմողի մասնագիտության և ունեցած աշխատանքի վերաբերյալ, . Նախկինում Հայաստանում դիմողի գտնված լինելու մասին տեղեկություն : Եթե նախկինում դիմողը Հայաստանում ունեցել է որևէ տեսակի կարգավիճակ` ժամանակավոր, մշտական, այդ մասին պետք է անպայման նշել, . Դատվածության կամ քրեական հետաքննության մասնակցության վերաբերյալ:
3. Երկու նամակ-երաշխավորագիր համայնքային գործող կառույցներից, կամ Հայաստանի Հանրապետությունում կամ Լոնդնում ՀՀ դեսպանությունում իրենց գործունեության շնորհիվ զգալի ներդրում ունեցող անհատներից,
4. Անձնագրի` նկարով էջի հստակ պատճեն` վեց (6) օրինակից,
5. Ծննդյան վկայականի պատճեն,
6. Անձնագրի լուսանկարի չափի յոթ (7) գունավոր լուսանկար:
Դեսպանի հավանությանն արժանանալուց հետո դիմումներն ուղարկվում են Երևան: Դիմումի ողջ ընթացքը սովորաբար տևում է 3-4 ամիս, սակայն բացառիկ դեպքերում կարող է տևել ավելի երկար: Փաստաթղթերը Երևան ուղարկելուց հետո ՀՀ դեսպանությունը գործընթացի վրա ազդեցություն չունի:
ԿՀԿ դիմումի մերժման դեպքում դիմողը կարող է նորից դիմել մերժման պահից մեկ տարի հետո:
ԿՀԿ ստանալու համար սահմանված պետական սակագինը ՄԹ-ում 219 բրիտանական ֆունտ է: Այն պետք է վճարել փոստային չեքով (Postal Order) կամ կանխիկ, դիմումը ՀՀ դեսպանությունում հանձնելու պահին:
|